ԱԳՆ. ՄԻԵԴ-ն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու համար![]() 11 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռին՝ հայտարարելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում: Նշվում է, որ այս վճիռը հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն փաստում է, որ Ադրբեջանի իշխանության վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: «Մանվել Սարիբեկյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում: Ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ եվրոպական դատարանի վճիռը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի համար կասկածից վեր է, որ «Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ»: «Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով: ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է հայցվորներին €60,000 վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ու ևս €2200՝ դատական ծախսերի համար: Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր և գերեվարվելու պահին ՀՀ Զինված ուժերում չէր ծառայում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե նա դիվերսանտ է: Ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր հետ տալ Սարիբեկյանի մարմինը, բայց ի վերջո հանձնեց այն՝ խոշտանգման հետքերով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |