Արցախում նախագահի 11 թեկնածու է առաջադրվել

Արցախում նախագահի 11 թեկնածու է առաջադրվել

PanARMENIAN.Net - 2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք Արցախի համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուի գրանցման փաստաթղթեր:

Այսպիսով, գրանցվել են «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը,«Արդարություն» կուսակցություից՝ Վիտալի Բալասանյան, Արցախի Պահպանողական կուսակցությունից Դավիթ Բաբայան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից՝ Աշոտ Ղուլյանը: Ինքնաառաջադրվել են թեկնածուներից Մասիս Մայիլյանը(Արցախի արտաքին գործերի նախարար), Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը, «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանը և ինքնաառաջադրված թեկնածու Բելլա Լալայանը։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել Արցախի Պահպանողական կուսակցությունը` 16 թեկնածու, «Միասնական հայրենիք» կուսակցությունը` 62 թեկնածու, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածու:

Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ-ն` 65 թեկնածուով:

ԿԸՀ-ն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն Արցախում կկայանան մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---