Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում խիստ մասնագիտացում կապահովվի

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում խիստ մասնագիտացում կապահովվի

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ որոշվել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ պատշաճ արդյունավետությունն ապահովելու համար: Այդ մասին ասվել է քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ Դավթյանի մոտ խորհրդակցության ժամանակ:

Հաշվի առնելով այս արարքների նոր քրեականացման պայմաններում համապատասխան քրեադատավարական պրակտիկայի բացակայությունը՝ հնարավորինս մանրամասն անդրադարձ է արվել նման դեպքերով անհրաժեշտ միջոցառումների շրջանակին: Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ պայքարում այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին:

Դավթյանը շեշտել է, որ բոլոր հնարավոր մեխանիզմներն ու իրավաչափ ռեսուրսներն օգտագործվելու են հասարակական հարաբերություններում, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում քրեական ենթամշակույթն իր բոլոր դրսևորումներով արմատախիլ անելու համար:

Խնդիր է դրվել հանրային միջավայրերում, հատկապես՝ երիտասարդության ու դեռահասների շրջանում քրեաիրավական նոր կարգավորումների պարզաբանման նպատակով հանրային իրազեկման միջոցառումներ անել:

Գլխավոր դատախազը հատուկ ուշադրություն է հրավիրել քրեական հեղինակություն հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ապացուցողական բազայի, միասնական չափանիշների ապահովման խնդրի վրա:

Կարևորվել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցավոր նման խմբավորումների հետ հնարավոր կապերի, գործակցության դրսևորումներն արմատախիլ անելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը, ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչներ:

Ազգային ժողովն ավելի վաղ ընդունել էր քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծը: Դրանով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---