ՊՈԱԿ-ի փորձագետը 3.3 մլն դրամ կաշառք է ստացել. Ձերբակալվել է

ՊՈԱԿ-ի փորձագետը 3.3 մլն դրամ կաշառք է ստացել. Ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը տնտեսվարողի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով առանձնապես խոշոր չափի՝ 3.3 մլն դրամ կաշառք է ստացել, դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: Պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են, հայտնում են ԱԱԾ-ից:

«Պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020-ի փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.3 մլն դրամ կաշառք»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։

Փետրվարի 18-ին Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, առձեռն կաշառք տվող անձի հետ միասին փորձագետը բռնվել և բերման է ենթարկվել: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---