Հայաստանում տեղի ունեցան Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին լրացավ Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 20-րդ տարին: Ողբերգական իրադարձությանը նվիրված միջոցառումների շարքում Գյումրիում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ այդ ողբերգության հետեւանքների վերացմանը մասնակցող փրկարարներին նվիրված հուշարձանի բացման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:



«Այսօր մենք բացում ենք մի հուշարձան, որի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձեւակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: Գյումրու արժանի զավակ Ֆրիդ Սողոյանի եւ նրա որդիների կերտած արձանը մարդկային լավագույն հատկանիշների` ողբերգության պահին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության եւ մարդասիրության յուրատեսակ խորհրդանիշ է: Այդ որակները արժանացել են հայ ժողովրդի երախտագիտությանը, նաեւ այս հուշարձանի միջոցով, որ մի կողմից արտահայտում է մարդու խոցելիությունը, մյուս կողմից` արհավիրքին դիմակայելու ունակությունը: Այն համատեղում է կորստի ցավը եւ վերածննդի հավատը»,-ասել է Սերժ Սարգսյանը:



Գյումրու Յոթ վերք եկեղեցում մատուցվեց պատարագ, նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:



1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով 11:41-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակն ու Լենինականը (այժմ Գյումրի); Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք ու շրջան, 350 գյուղ, որնցից 60-ը` ամբողջովին քանդվեցին: 25 հազար մարդ զոհվեց, շուրջ 100 հազարը վիրավորվեցին, եւ շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեց տանիքից:



Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների թվին է դասվում:
 Ուշագրավ
---