Գործարար. Իրանից ՀՀ եկող ապրանքների դեֆիցիտ և գների բարձրացում է հնարավոր

Գործարար. Իրանից ՀՀ եկող ապրանքների դեֆիցիտ և գների բարձրացում է հնարավոր

PanARMENIAN.Net - Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես (մինչև մարտի 24-ը ներառյալ) սահմանափակելու մասին ՀՀ կառավարության որոշումը, հնարավոր է, տնտեսության մեջ որոշ խնդիրներ առաջացնի և երկրում որոշ մթերքների գների բարձրացման պատճառ դառնա, PanARMENIAN.Net ին ասաց գործարար Վահրամ Միրաքյանը:

Նա չբացառեց, որ, հնարավոր է՝ Իրանից եկող ապրանքատեսակների դեֆիցիտ լինի: Այդ ապրանքների այլընտրանքը, ըստ նրա, կարող է բերվել նաև Թուրքիայից, սակայն այնտեղ որոշներն անորակ են: Որպես արդյունք, ըստ Միրաքյանի, Իրանից բերվող ապրանքների գները կավելանան:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնողների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձ Իրան: ՀՀ տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձ է լինելու Իրան՝ ՀՀ տարածքով: Որոշման պատճառը տարածվող կորոնավիրուսն է:

Միրաքյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ում մոտ 60 բեռնափոխադրող մեքենա՝ բեռնված Իրանից ներկրված մրգով ու բանջարեղենով, չի կարողանում հատել Վրաստանի հետ սահմանը, քանի որ վրացական կողմն արգելել է իրանական ապրանքների մուտքն իր տարածք:

Անդրադառնալով այս հարցին՝ Միրաքյանը նշեց, որ իրավիճակը դեռ պահպանվում է, որևէ փոփոխություն կամ նորություն չկա:

Միրաքյանը ավելի վաղ առաջարկել էր 3-4 օրով թույլ տալ, որ ՀՀ բերված ապրանքը երկրի տարածքից դեպի Վրաստան տեղափոխվի: Այս առաջարկի մասով ևս ոչ մի արձագանք չի եղել:

«Ընդհանուր կարող եմ ասել, որ Ադրբեջանը միջանցիկ ճանապարհ է բացել, այսինքն՝ տարանցիկ Ռուսաստան գնացող ճանապարհն աշխատում է»,- ասաց Միրաքյանը:

Նա նաև նշել էր, որ հիմնականում ռուսական շուկայի համար նախատեսված միրգն ու բանջարեղենը, ՀՀ-ում մնալով, «կպայթեցնեն» շուկան, կտուժի նաև տեղական միրգ ու բանջարեղեն ունեցող տնտեսվարողը:

«Հիմա որ սահմանը փակվում է, իրավիճակը կտրուկ փոխվում է, Վրաստանով տարանցիկ տանելու, պրոցեսը կորավ: Եթե Իրանից Հայաստան չի կարող մտնել, էլ չենք էլ կարող Ռուսաստան տանել»,- նշեց Միրաքյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---