Էջմիածնի քաղաքապետը դատապարտել է վարակված կնոջ հասցեին վիրավորանքները

Էջմիածնի քաղաքապետը դատապարտել է վարակված կնոջ հասցեին վիրավորանքները

PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և ՄԻՊ Արման Թաթոյանը խիստ դատապարտելի են համարում կորոնավիրուսով վարակված և նշանադրության մասնակցած էջմիածնեցի կնոջ հասցեին վիրավորանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գասպարյանը։

Էջմիածնում մարդաշատ միջոցառումները, այդ թվում՝ հարսանիք, նշանդրեք, կնունք, չեղարկվել են:

«Հեռախոսազրույց ունեցա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ:

Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության իրավունքների կոպտագույն խախտումները»,- ասվում է գրառման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի այլ հարցեր:

«Խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից»,- գրել է Էջմիածնի քաղաքապետը։

Դիանա Գասպարյանը նաև հայտարարել է, որ վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով։ Նա կոչ է արել քաղաքացիներին չօգտվել բացօթյա առևտրի կետերից:

Էջմիածնից այս պահին կարելի է դուրս գալու համար օգտվել միայն Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ Աշտարակ, Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով։ Քաղաքը կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախն է, 30 դեպքից 18-ը կապ ունի Էջմիածնի հետ։ Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում գրանցված է 30 դեպք, մոտ 300 մարդ մեկուսացված է, հիվանդներից մեկն ապաքինվել է առանց որևէ դեղորայք ընդունելու։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---