Փաշինյանը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին նախագիծն է ներկայացրել![]() 23 մարտի 2020 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Ֆեյսբուքյան իր էջում նա խնդրել է առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև մարտի 24-ը՝ ժամը 18:00-ն, ուղարկելով public@gov.am էլ.փոստին: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Օժանդակության նպատակն է նաև տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։ Ըստ վարչապետի՝ նտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ-ում առնվազն վերջին 1 տարում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն: Օժանդակության ձևերը հետևյալն են. - Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․ • Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: • Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները: • Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը: - Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։ Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․ • տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500,000 դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր), • պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր), • հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր), • սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր), • հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր), • առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր): Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ • արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով, • ժամկետը՝ մինչև 24 ամիս, • մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը, • վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, • առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից: Օժանդակության գործիքների ներքո արկեր տրամադրող կառույցները Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով: Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝ • վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ • վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ • վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման: Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից. վարկի նպատակ համաֆինանսավորման չափ Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սուբսիդավորման չափերը. ա) աշխատակիցների աշխատավարձեր - համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ: բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ - համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ: գ) սարքավորումներ - համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս դ) հումքի գնում - համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս ե) կոմունալ վճարներ - համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս զ) սննդի ներմուծում - համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս - վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս - տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ: գ), դ), զ) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 194 է, որից 2-ն ապաքինվել է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |