Փոխնախարար․ Աշխատողների տեղափոխումը պետք է ապահովի գործատուն

Փոխնախարար․ Աշխատողների տեղափոխումը պետք է ապահովի գործատուն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործունեության այն ոլորտներում, որտեղ արդեն թույլատրվել է աշխատանքը, գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների տեղաշարժը մեքենայով կամ որևէ այլ տրանսպորտային միջոցով, և հետևել, որ աշխատակիցներն աշխատանքի ժամին դուրս չգան գործունեության տարածքից, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա անդրադարձել է Պարետատան կողմից գործունեության նոր տեսակների թույլտվությանը՝ նշելով, որ, կախված տնտեսվարողների գործունեության տեսակից, հնարավոր է հասկանալ ոլորտում աշխատանքն արգելված է, թե` ոչ։

«Եթե գործունեության տեսակներն արգելված են, բայց համապատասխան որոշման բացառությունների սյունակում կա նշում, որտեղ գրված է՝ «Դիմում-հայտի հիման վրա», ապա նման դեպքերում տնտեսվարողը կարող է դիմում-հայտ ներկայացնել։ Դիմում-հայտի հիման վրա Պարետատունը գործունեության այդ տեսակի համար պատասխանատու շահագրգիռ մարմինների հետ կքննարկի և կներկայացնի համապատասխան որոշումը»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ դիմումները, կախված կոնկրետ գործունեության տեսակից, ներկայացվում են շահագրգիռ մարմիններին, առողջապահության նախարարությանն ու առոջապահության տեսչական մարմնին, իսկ քննարկման արդյունքում Պարետատունը ներկայացնում է իր պատասխանը՝ կարող է տնտեսվարողը գործունեություն իրականացնել, թե՝ ոչ։

Անդրադառնալով գործունեությունը վերսկսած ոլորտներին՝ Սիմոնյանը մանրամասնել է, որ այս պահի դրությամբ թույլատրվում է մանրածախ առևտուր այն ոչ մասնագիտացված խանութներում, որտեղ մեծամասամբ վաճառվում է սննդամթերք, խմիչք և ծխախոտային արտադրանք։ Միայն կոսմետիկ միջոցեր վաճառող խանութների գործունեությունը, օրինակ, թույլատրված չէ։

Փոխնախարարը նշել է, որ Ոստիկանությունն իրականացնում է վերահսկողություն ամբողջ ՀՀ-ում, իսկ արտակարգ իրավիճակով պայմանավորված կոնկրետ կանոնների վերահսկողությունն իրականցվում է առողջապահության տեսչական մարմնի կողմից։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրում տնտեսական մի շարք ոլորտներում գործունեությունը շարունակում է մնալ չթույլատրված։ ՀՀ-ում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 23-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը դեռ վերահսկելի է և նման կերպ շարունակվելու դեպքում գործունեության որոշ ոլորտներ կարող են վերսկսել աշխատանքները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---