Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՔԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ փոխտնօրեն

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՔԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ փոխտնօրեն

PanARMENIAN.Net - Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Մայիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Մայիսի 4-ին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մայիսի 4-ի կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Նման իրար հաջորդող նշանակումների իմաստն այն է, որ իրավապահ համակարգում նշանակում ստանալով, անձը նաև համապատասխան դաս է ստանում, որի առկայությունը պարտադիր պահանջ է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար։ ԱԱԾ նախկին նախագահ Գեորգի Կուտոյանի նշանակման ժամանակ ևս Կուտոյանը նախապես նշանակվեց Գլխավոր դատախազի խորհրդական, սակայն նա մի քանի օր մնաց այդ պաշտոնում։

Ըստ օրենքի` պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---