Ապրիլին Շվեդիայում վերջին 20 տարում մահացությունն ամենաբարձրն էր

Ապրիլին Շվեդիայում վերջին 20 տարում մահացությունն ամենաբարձրն էր

PanARMENIAN.Net - Ապրիլին Շվեդիայում ավելի քան 20 տարում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել։ Ըստ ազգային վիճակագրական վարչության՝ ապրիլին այդ երկրում 10,458 մարդ է մահացել։

«Ամսվա կտրվածքով այս թիվը գերազանցող ցուցանիշ ունեցել ենք 1993-ի դեկտեմբերին»,- ասել է վարչության ներկայացուցիչ Թոմաս Յուհանսոնը, գրում է Deutsche Welle-ն։

Ի տարբերություն մյուս սկանդինավյան երկրների, Շվեդիան կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին օրենսդրական մակարդակով սահմանափակումներ չի կիրառել, դրանք զուտ խորհրդատվական բնույթ են կրել։ Իշխանությունները նման որոշում են կայացրել՝ էկոնոմիկային չվնասելու նկատառումով։

Մինչդեռ Capital Economics-ի ավագ վերլուծաբան Դևիդ Օքսլին արդեն հայտարարել է Financial Times-ին, որ չնայած ձեռնարկված միջոցներին տնտեսական ցուցանիշների անկումն աննախադեպ է լինելու։

Շվեդիայում բաց են հասարակական վայրերը, սրճարանները, տարրական դպրոցները, մանկապարտեզները, աշխատում է հանրային տրանսպորտը։ Արգելված է միայն 50-ից ավելի խմբերով մարդկանց կուտակումը մեկ վայրում, իսկ ավագ դասարանների աշակերտներն ու ուսանողներն առցանց են սովորում։ Կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանել, հնարավորության դեպքում տնից աշխատել և խուսափել տարեցների հետ շփումից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---