Նախագահը «Հայ պարկի» և Գյուրջիևի այգու նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետի հետ

Նախագահը «Հայ պարկի» և Գյուրջիևի այգու նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում «Հայ պարկի» և Գյումրիում փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի այգու ստեղծման իր նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ։

Արմեն Սարգսյանն առաջարկել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» հիմնել, իսկ Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի ստեղծել։

Նախագահը նշել է, որ այս երկու նախաձեռնության վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։

Ներկայացնելով իր երկու նախաձեռնության նպատակը՝ նախագահն ասել է, որ «Հայ պարկի» հիմքում առաջին հերթին միասնության և միասնական գործի գաղափարն է: Նա կարևոր է համարել նաև այգու բնապահպանական նշանակությունը Երևանի համար:

Ինչ վերաբերում է Գյումրիում Գյուրջիևի այգու ստեղծմանը, գաղափարը ենթադրում է համերգասրահի, գրադարանի և այլ ենթակառուցվածքների ստեղծում, միջավայր, որը կարող է գրավել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին ու աշխարհի տարբեր երկրներում գտնվող նրա կենսափիլիսոփայության հետևորդներին, այլև դառնալ մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ողջունելի է համարել նախաձեռնությունները՝ նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել ծրագրերը կյանքի կոչելուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---