Նախարար․ Առանց ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության

Նախարար․ Առանց ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի բուժման համար Դեքսամետազոնի արդյունավետության մասին ԱՀԿ գնահատկանին, ասել է, որ առանց բժշկի ցուցման այն օգտագործելը հավասար է «չկանխամտածված ինքնասպանության»: Այդ մասին նախարարը խոսել է Հանրային ռադիոյի եթերում։

Թորոսյանը նշել է, որ Դեքսամետազոնը կիրառվում է նաև Հայաստանում, այն նորություն չէ հայ բժիշկների համար, սակայն հիմնականում վերակենդանացման բաժանմունքներում է օգտագործվում։

«Հիմա մարդիկ սկսել են մեծ քանակով Դեքսամետազոն գնել։ Ավելի վնասակար և չմտածված քայլ պարզապես անհնար է պատկերացնել...

Առանց բժշկի ցուցման Դեքսամետազոն ընդունելը հավասար է չկանխամտածված ինքնասպանության»,- ասել է նախարարը:

Նախարարը հայտնել է նաև, որ բանակցում են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը ձեռք բերելու ուղղությամբ, որը նույնպես կիրառվում է կորոնավիրուսի բուժման համար։

Թորոսյանը նշել է, որ չկա այնպիսի սննդային հավելում, որ կանխագելում է կորոնավիրուսը, ուստի դեղատներից առանց բժշկի դեղատոմսի դրանք գնել և օգտագործել չարժե:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ Դեքսամետազոն պարունակող դեղերի` առանց բժշկի նշանակման կիրառումը կարող է վնասել մարդու կյանքին և առողջությանը: ԱՆ-ն կոչ է արել չզբաղվել ինքնաբուժմամբ և հիվանդության բուժման ընթացքում հետևել բժշկի ցուցումներին:

Դեքսամետազոնը կիրառվում է բժշկության մեջ 1960-ականներից և մատչելի դեղամիջոց է բազմաթիվ երկրներում։ Դա ստերոիդային պրեպարատ է, որն օգտագործվում է բորբոքային պրոցեսների, նաև քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---