Ապացույց կա, որ Տավուշում մարտերին ներգրավված է նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը

Ապացույց կա, որ Տավուշում մարտերին ներգրավված է նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը

PanARMENIAN.Net - Armlur.am-ը լուսանկար է հրապարակել, որում հայկական բանակի համազգեստով անձնինք նստած են ադրբեջանական Sky Striker մահապարտ անօդաչու սարքի կողքին։ Razm.info-ն ենթադրում է, որ լուսանկարում պատկերված ԱԹՍ-ն պատկանում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը, ինչն ապացուցում է, որ տավուշյան մարտերին, ԶՈւ-ից բացի, մասնակցում է նաև Ադրբեջանի ՊՍԾ-ն:

Կայքին նման ենթադրություն անելու հնարավարություն տալիս են անօդաչուների կողային համարները։ Armlur.am-ի հրապարակած լուսանկարում երևում է, որ անօդաչու սարքն ունի 062 կողային համարը։ Իսկ ՊՍԾ բազայում արված և նախկինում հրապարակված լուսանկարներում այս տեսակի անօդաչուներն ունեն նույն շարքի կողային համարները (063, 067, 068 ... )։

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ-ն խոցել էր ադրբեջանական Hermes 900 ԱԹՍ-ն, որը ևս գտնվում է ՊՍԾ հաշվեկշռում։ Երկու տեսակի ԱԹՍ-ներն էլ արտադրում է իսրայելական Elbit Systems ընկերությունը։

Մահապարտ ԱԹՍ-ն կարողանում է հետախուզել թիրախին ու օդում մնալ 2 ժամ, եթե դրան կցված է 5 կգ մարտագլխիկ, և մոտ 1 ժամ, եթե կցված է 10 կգ մարտագլխիկ։

Հուլիսի 15-ին Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ադրբեջանական 13 ԱԹՍ է խոցել։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---