«Բլոճիկները»` Բերդում. Ինչպես էր Արեգ Բալայանը նկարազարդում հրետակոծված քաղաքի պատերը20 հուլիսի 2020 - 20:16 AMT PanARMENIAN.Net - PAN Photo-ի և մի շարք այլ նախագծերի լուսանկարիչ Արեգ Բալայանը, որն արդեն 2 տարի է՝ նաև սթրիտ-արտով է զբաղվում և հայտնի է ամենաանսպասելի անկյուններում հայտնված իր «Բլոճիկներով», նկարազարդել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրետակոծված Բերդ քաղաքը: Արեգը «Բլոճիկները» նախագիծ չի համարում, ասում է՝ դա նախագիծ չէ, հենց ինքն է, իր մի մասը, և «բլոճիկներ» կան բոլորիս մեջ: Բերդում լուսանկարիչը հայտնվել էր աշխատանքի բերումով. գործընկերների հետ գնացել էր լուսանկարելու ադրբեջանական կրակի տակ ընկած հայկական բնակավայրերը, քանդված տներն ու տեղի բնակիչներին: «Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցում էինք մնում: Գիշերը բան չկար անելու, որոշեցինք զբաղմունք գտնել: Հենց մեր հյուրանոցի դիմաց հին կիսակառույց ճոպանուղու կայանն էր, որը շատ հարմար բետոնե պատ ուներ: Մինչև էդ էլի հարմար պատ էինք գտել, բայց վրայի սվաղը լավը չէր, որոշեցի դրա վրա չնկարել, իսկ առավոտյան պարզեցի, որ ոստիկանության շենքի պատն է», - պատմում է Արեգը:
Այդպես էլ ընտրվեց ճոպանուղու կայանի պատը, որի վրա էլ Արեգն իր ընկերների կամ, ինչպես ինքն է ասում՝ «հանցակիցների» օգնությամբ պատկերեց Բերդի առաջին «բլոճիկին»՝ երկնագույն իշուկին փոքրիկ ծտի հետ: «Գիշերվա միլիոնն էր, Բերդում՝ մութ, մարդ չկար, մեր օպերատոր Մամիկոնը լույս էր պահում, ես էլ նկարում էի: Նկարեցի ու գնացինք քնելու: Հաջորդ օրն արդեն քաղաքում բոլորը գիտեին, որ մենք ենք նկարել: Ու առաջին անգամն էր, որ ես «ապօրինի» որևէ տեղ նկար եմ արել, ու բոլորն այդքան դրական ռեակցիա էին տալիս: Ոչ մեկ չի դժգոհել, բոլորը մասսայաբար շատ դրական էին արտահայտվում», - նշում է Արեգը: Ասում է՝ նկարն արել է, որպեսզի երեխաները քաղաք վերադառնալուն պես տեսնեն՝ ուրախանան: Հաջորդ «բլոճիկը» հայտնվեց 2 օր անց՝ Բերդի գլխին գտնվող «Սորան» զբոսայգու ճանապարհին: Մի լքյալ մետաղական կառուցվածքի պատին հայտնվեց վառ դեղին փիսոն: «Նկարելու ընթացքում մեզ «բռնացրեց» երիտասարդ սարկավագը, էլի շատ դրական արձագանքեց, մի քանի հարց տվեց, սիրուն տեղեր խորհուրդ տվեց, որ գնանք», - հիշում է Արեգը: 1 օր անց, երբ նա գործընկերների հետ վերադարձել էր «հանցանքի վայր»՝ փիսոյի մոտ, որպեսզի քաղաքն ու սարերը հարմար դիրքից նկարի, զավեշտալի ու նկարչի համար անսպասելի դեպք եղավ: «Փիսոյի մոտ էինք, նկարվում էինք, երբ սկսեցինք հավաքվել, հեռվից մի մեքենա տեսանք մեզ մոտեցող՝ մեջը լիքը տղա: Ես էլ բոլորից մի քիչ հեռու իրերս էի դասավորում: Եկան, կանգնեցին, սկսեցին հարցուփորձ անել ընկերներիս՝ «ինչ կա, ինչ եք անում»: Ես արդեն տրամադրված, որ գուցե վեճ լինի, սկսեցի մոտենալ ու հենց էդ պահին Մամիկոնն ասաց. «Այ ինքն ա նկարել էս կատվին»: Փուռը տվեց ինձ: Մեկ էլ վարորդը վրդովված դեմքով նայեց վրաս ու շատ կտրուկ հարցրեց. «Ախպեր, բա խի՞ ես երկու հատ նկարել (նկատի ունենալով նաև ճոպանուղու իշուկին): Խի՞ շատ չես նկարում»: Ասացի, որ ներկերս չի հերիքել, ու ուրիշ գործով ենք այստեղ, ժամանակ էլ շատ չի եղել, բայց դա ինձ չփրկեց: Ասաց. «Ախպերս, ինչո՞վ օգնենք, ներկ բերենք, գանք, տանենք, բերենք...»: Շատ անսպասելի էր ու հաճելի: Սովորաբար մոտենում՝ մուննաթ են գալիս, թե ինչու եմ իրենց քաղաքում առանց իրենց հարցնելու բան նկարել, իսկ էս դեպքում մուննաթ էր, թե ինչու եմ քիչ նկարել», - ուրախ պատմում է Արեգը:
Ասում է, որ բացի 2 մեծ նկարից նաև մի քանի մանր «բլոճիկ» է թողել քաղաքի տարբեր շինությունների պատերին: Արեգի խոսքով՝ «բլոճիկները» լույս ու պոզիտիվ են բերում, որոնց կարիքը սահմանապահ քաղաքներում ու գյուղերում այժմ շատ կա: Հուլիսի 12-ից 16-ի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել, հրետակոծել և ականակոծել է Տավուշի սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։ Հրետանակոծությունից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 17-ից։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |