Կաթողիկոսը տեսակցել է Տավուշում վիրավորված զինծառայողներին

Կաթողիկոսը տեսակցել է Տավուշում վիրավորված զինծառայողներին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, հայտնում են Մայր Աթոռից։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ՝ Կաթողիկոսն այցելել է հիվանդանոցի տարբեր բաժանմունքներ՝ օրհնելով ու շուտափույթ ապաքինում մաղթելով զինծառայողներին։

«Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին»,- ընդգծել է կաթողիկոսը։

Նա բոլորին նվիրել է սբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, ևս 10 վիրավոր բուժվում է հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---