Մնացականյանը՝ The Jerusalem Post-ին․ Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին

Մնացականյանը՝ The Jerusalem Post-ին․ Իսրայելը պետք է դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանին վաճառվող իսրայելական զենքով թիրախավորվում են Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները, ուստի Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինության վաճառքն Ադրբեջանին։ Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ թեև ՀՀ և Իսրայելի հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են, հունվարին Իսրայել էր այցելել ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, այդ երկրի կողմից արդիական սպառազինության վաճառքն Ադրբեջանին շարունակում է չլուծված խնդիր լինել ՀՀ-ի համար։

«Ադրբեջանին զենքի վաճառքը մահաբեր է՝ Բաքուն երբեք չի վարանում այդ զենքն օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ։ Մենք հետևողականորեն արծարծելու ենք այս հարցը, այն միշտ մեր օրակարգում է լինելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր բիզնեսն Ադրբեջանի հետ», – ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով Տավուշում սրացման օրերին հայկական զինուժի կողմից իսրայելական անօդաչու սարքերի խոցմանը՝ Մնացականյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործում է առանց հաշվի առնելու, թե ինչ ծագման է զենքը։

«Մեր զինուժը վնասազերծում է ադրբեջանական զենքերը՝ անկախ դրանց ծագումից», – ասել է նա։

Իսրայելը տարիներ շարունակ զենք և զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, իսկ Բաքուն ապահովում է իսրայելական նավթի պահանջարկի մոտ 40 տոկոսը։ Ադրբեջանն Իսրայելից հիմնականում գնում է անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և այլ ժամանակակից համակարգեր։ 2019-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը 5 մլրդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել Իսրայելի հետ։

Հուլիսի 12-ից սկսած հայկական զինված ուժերը Տավուշում հայ-ադրբեջանական սրացման ժամանակ խոցել են հակառակորդի 5-ից 10 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Hermes 900 մոդելի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---