Ինչպես «կտրել պորտալարը», պոկվել մայրիկի փեշից ու դառնալ երջանիկ. Ձեռնարկ՝ չափահասների համար 6 օգոստոսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Մի ծանոթ՝ վաղուց չափահաս աղջկա հետ էի զրուցում. ինչպես և շատերը, այս շրջանում աշխատանքի կարիք ունի: Քանի որ մասնագիտությամբ աշխատանք գտնել չի հաջողվում, փնտրում է այլ՝ ավելի «աղջկական» ոլորտներում՝ վաճառող, գանձապահ: Երբ առաջարկեցի դիտարկել նաև սրճարանա-ռեստորանային ոլորտը, նշեց, որ ծնողները դեմ կլինեն, դժվար կլինի համոզել, որ դա «նորմալ աշխատանք է»: Ու թեև զրուցակիցս ժամանակակից հայացքների տեր մարդ էր, ու նրա ասածը պետք է որ ինձ համար անսպասելի թվար, ցավոք, անսպասելի չէր, նույնիսկ՝ օրինաչափ: Մեզանում ընդունված է, որ ծնողներն իրենց չափահաս (և խոսքը բոլորովին 18 տարեկանը նոր լրացածների մասին չէ, այլ 25, 30, անգամ 40-անց տարեկանների) զավակներին մինչև խոր ծերություն՝ թե՛ իրենց, թե՛ հենց զավակների, երեխա են համարում: Եվ դա միայն կողքից է շատ հաճելի ու ռոմանտիկ հնչում, բայց գործնականում ունենք լուրջ խնդիր, որը հաճախ պատճառ է դառնում բազում դժբախտությունների, կործանված ճակատագրերի, չստացված կյանքերի, էլ չեմ խոսում համեմատ մանր ընթացքային խնդիրների մասին: Եթե արդեն վաղուց չափահաս եք, բայց ձեր ծնողները հրաժարվում են «կտրել պորտալարը», որոշում են ձեր փոխարեն՝ ինչ հագնեք, ուր գնաք, ինչ սովորեք, ինչ աշխատեք, ում հետ ամուսնանաք, և դա թունավորում է ձեր կյանքը, ժամանակն է կտրվելու մայրիկի փեշից ու վերցնելու սեփական կյանքը ձեր ձեռքերի մեջ: Փոքրիկ սփոյլեր. ինքնուրույնությունը ոչ միայն որոշումները կայացնելու մեջ է, այլև դրանց հետևանքներին տեր կանգնելու: Հետո չասեք, թե չենք զգուշացրել: Ապացուցի՛ր, որ կարող ես Ծնողները հիմնականում իրենց զավակների համար միայն լավն են ուզում, պարզապես լավի՝ ձեր և նրանց պատկերացումները կարող են չհամընկնել, և նրանք կփորձեն ձեզ ցույց տալ իրենց պատկերացրած «ճիշտ ուղին»: Դա կարող է լինել ընկերների, կրթության, աշխատանքի հարցում՝ «նա քեզ վրա վատ կազդի», «այս ոլորտը պրեստիժ չի, եկամտաբեր չի», «ես քեզ նրա համար չեմ սենց լավ պահել, որ գնաս՝ ուրիշի մոխրամանները փոխես»: Բոլոր հարցերում միշտ կարելի է գտնել կոմպրոմիս, դրա համար պետք է զրուցել ծնողների հետ, մաքսիմալ պարզ, հստակ ու վստահ հասցնել նրանց ձեր տեսակետը, բացատրել, որ կարող են վստահել ձեզ և ձեր ընտրությանը, որ դուք գիտակցում եք լրջությունը և պատրաստ եք ստանձնելու հետևանքների պատասխանատվությունը: Եթե խոսքերը չեն օգնում, ժամանակն է գործելու: Գուցե ծնողները ձեր մեջ չեն տեսնում ինքնուրույն մարդու. ընդունեք, որ երբեմն դժվար է ինքնուրույն համարել մեկին, ում տարիներ շարունակ խնամել ես և դեռ շարունակում ես պատրաստել նրա համար ուտելիք, հավաքել նրա հետևից սենյակը և այլն (եթե դուք այդպիսինը չեք, կարող եք բաց թողնել այս հատվածը): Շատերս լսել ենք ծնողներից «դու էս տանը ոնց-որ վարձով ապրես, ոչ մի բանի տեղը չգիտես, մենակ գալիս-գնում ես ու քնում» արտահայտությունը: Փորձե՛ք դառնալ լիիրավ անդամ. հավաքեք, պատրաստեք, մաքրեք, և ոչ միայն ձեզ համար, դասավորեք ձեր իրերը, արեք դա առանց մայրիկի կողմից հիշեցումների: Ոչ ոք չի ասում, որ պետք է փակվել խոհանոցում կամ դառնալ ստրկուհի Իզաուրա, բայց կայացած ու կենցաղավարության հմտություններին ծանոթ մարդու դեմո վերսիան ծնողներին ցույց տալն ավելորդ չի լինի: Ընտրի՛ր քո ուղին 18 տարեկանում, իսկ երբեմն նաև ավելի ուշ էլ դժվար է կողմնորոշվել՝ ինչով ես ուզում զբաղվել կյանքում: Պետք է գիտակցել, որ ամեն ինչ փոփոխական է, և այն, ինչ հաճելի, դուրեկան, հեռանկարային ու պրեստիժ է այս պահին, կարող է հետո այլևս դուրդ չգալ, դառնալ անպետք: Պետք է պատրաստ լինել դրան և չվախենալ, քանի որ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ընտրել: Բացատրե՛ք դա ձեր ծնողներին: Եթե ուզում եք դառնալ դիզայներ, հրուշակագործ, երաժիշտ կամ դիջեյ, իսկ ծնողներն ուզում են ձեզ համար ավելի «լուրջ» մասնագիտություն, հասկացրեք նրանց, որ լավ դիջեյն ավելի շատ կյանքեր կարող է փրկել, քան վատ բժիշկը, առնվազն ոչ մեկի մահվան պատճառ չի դառնա: Եթե, այնուամենայնիվ, ձեզ ստիպողաբար ուղարկում են Բժշկական կամ Իրավաբանական, մի՛ կորցրեք ժամանակը, փորձեք միաժամանակ ինքնուրույն, օնլայն դասընթացների կամ այլ միջոցներով սովորել այն, ինչ ձեզ է հետաքրքրում: Նախ՝ ավելորդ գիտելիքը երբեք չի խանգարի, դա այն է, ինչ ձեզնից խլել չեն կարող, և երկրորդը՝ կկարողանաք ընթացքում թե՛ ինքներդ ձեզ, թե՛ ձեր ծնողներին ապացուցել՝ որն է ձեր ուղին: Ֆինանսական անկախություն Գործունակ մարդը չի կարող կայացած համարվել, եթե ֆինանսապես անկախ չէ: Գտե՛ք աշխատանք, վաստակե՛ք գումար. դա համ շատ հաճելի է, մոտիվացնող, ինքնավստահությունը բարձրացնող, համ օգտակար՝ փողը լավ բան է: Ֆինանսական անկախությունը հնարավորություն կտա ձեզ առանձնանալու ծնողներից. մեզանում համարվում է, որ դա «հայեցի չէ», հատկապես աղջիկների դեպքում, բայց հիշեք, որ ձեր կյանքում դուք եք որոշողը, ոչ թե հարևանները, և ձախողումների ու դժբախտությունների բեռը ևս դուք եք կրելու, ոչ թե առաջին հարկի բամբասչի տատին: Եթե, այնուամենայնիվ, ապրելու եք ծնողների հետ, միևնույն է՝ պետք է ունենալ սեփական գումարը, կիսել կենցաղային ծախսերը. ծնողները չեն կարող մինչև կյանքի վերջ ապահովել ձեզ, իսկ անգամ եթե կարող են՝ պարտավոր չեն: Եվ, ի վերջո, վաստակող մարդու կարծիքն ավելի ծանրակշիռ է հնչում, քան նրա, ով հենց նոր մայրիկից սիգարետի փող ուզեց: Մի՛ վախեցիր լինել երջանիկ, դու արժանի ես «Շատ թեթև ա ապրում ձեր սերունդը, ամեն ինչ ձեզ շատ հեշտ ա հասնում» հաճախ մեղադրանքով ասում են մեր ծնողները, կարծես, դրանում որևէ վատ բան կա: Նրանց կարելի է հասկանալ, նրանց հիշողության մեջ դեռ վառ են սովետական կրթության այն դրույթները, որ ամեն ինչ պետք է վաստակել քրտինքով և արյունով: Բայց ժամանակները փոխվել են, և այժմ կարելի է վաստակել նաև հաճույքով, հեշտությամբ, իսկ մեր կյանքն իրականում առանց այդ էլ բարդ է, և կարիք չկա այն ավելի բարդ ու սթրեսաշատ դարձնելու (2020-ը վկա): Ուստի շարունակե՛ք ապրել հնարավորինս թեթև, ոչ թե անխելք, այլ թեթև: Մի՛ վախեցեք լինել երջանիկ, մի՛ զգացեք ձեզ մեղավոր դրա համար: Ամեն սերունդ ունի իր բաժին դժվարությունները, և մենք մեղավոր չենք մեր ծնողների բախտին վիճակվածի համար, ու դեռ չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ ապագայում, ուստի քանի կարելի է, պե՛տք է ուրախանալ և վայելել կյանքը: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |