Պոլսահայերն անհանգստացած են․ Թիրախ են դառնում

Պոլսահայերն անհանգստացած են․  Թիրախ են դառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիայից հնչող բազմաթիվ հակահայկական և Ադրբեջանին աջակցող հայտարարություններն այդ երկրի հայ քաղաքացիներին թիրախ են դարձնում, հայտարարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը, փոխանցում է Ermenihaber-ը։

«Բախումների առաջին ժամերից սկսած աշխարհը հրադադարի կոչ էր անում, ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) ու հանրապետության նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնյաներ, կրակի վրա յուղ լցնելով, աջակցություն հայտնեցին պատերազմին»,- ասել է Փայլանն ու ավելացրել, որ այդպիսով թիրախավորվում են նաև Թուրքիայի հայ քաղաքացիները:

Պատգամավոր Փայլանն այս թեմայով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան, որում հարցրել է, թե ինչու է այդ երկիրը պատերազմի կոչ անում, երբ աշխարհը հրադադարի կոչ է անում։ Փայլանը փորձել է ճշտել նաև Սիրիայից Ադրբեջան ուղարկված ջիհադիստների մասին լուրը։

Ավելի վաղ պոլսահայերի անհանգստությունների մասին խոսել է նաև հայկական «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը:

«Դա կլինի Ղարաբաղի հարցը, թե կլինի, օրինակ, ԱՄՆ-ի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձև, ցավոք այդպիսի դեպքերում Թուրքիայի հայերը միանգամից զգում են սլաքների՝ դեպի իրենց ուղղվելը: Եվ դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում նրանց շրջանում»,- հայտարարել Է Տանձիկյանը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն էլ նշել է, որ Թուրքիայի ոչ վաղ անցյալը լի է բռնությամբ, սպանություններով, պոգրոմներով, կոտորածներով ու մահափորձերով, ինչի պատճառով միշտ վախ կա, որ այստեղ հնչեցված ատելության խոսքը կարող է գործողության վերածվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Անդրբեջանի սնաձազերծածա պատերազմին անմիջականորեն մասնակցում է նաև Թուրքիան։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---