Փաշինյանն ու Մակրոնն անթույլատրելի են համարել ահաբեկիչների ներգրավումը ԼՂ ռազմական գործողություններին

Փաշինյանն ու Մակրոնն անթույլատրելի են համարել ահաբեկիչների ներգրավումը ԼՂ ռազմական գործողություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան։ Փաշինյանն ընդգծել է, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը:

Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:

Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ գործակցությունը:

Հոկտեբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---