Մահացել է հոկտեմբերի 1-ին հակառակորդի հրետակոծությունից վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը

Մահացել է հոկտեմբերի 1-ին հակառակորդի հրետակոծությունից վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը

PanARMENIAN.Net - Հիվանդանոցում մահացել է hոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորված Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը:

Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին ՀՀ խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ այս ամենը մեկ անգամ ևս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա:

«Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է մարզպետը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---