Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակ է կիրառում՝ բնապահպանական աղետի վտանգ ստեղծելով (Վիդեո)

Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակ է կիրառում՝ բնապահպանական աղետի վտանգ ստեղծելով (Վիդեո)

PanARMENIAN.Net - Ադրբեջանն Արցախում կիրառել է քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ բացի հայկական ուժերին վնասելուց, հակառակորդը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:

«Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում են, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություններ են»,- գրում է նա։

Հոկտեմբերի 30-ին տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էին անտառների վրա թափվող զինամթերքից կադրեր։ Թվիթերյան օգտատերերից մեկն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում է, որ հրդեհներ կան Մատաղիսի շրջանում, Շուշիի և Կարմիր Շուկայի միջակայքում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---