Փաշինյանը՝ Լավրովին․ Պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը՝ ապագայի համատեքստում![]() 21 նոյեմբերի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական մոտակա տեսլականի ու ապագայի առումով ունեն ընդհանուր հայացքներ և ծրագրեր, որոնք բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Լավրովի գլխավորությամբ: «Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում»,- ասել է վարչապետը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտնել է, որ ռուս խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության իրականացմամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման առումով: «Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար»,-ասել է նա։ Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար: Լավրովը նաև հայտնել է, որ ակտիվորեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ թվում ՄԱԿ-ի կառույցների, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |