Բեգլարյանը` ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Արցախի համայնքներն Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ անտուն են21 նոյեմբերի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նամակ է ուղարկել ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին երեխաների համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն։ Նոյեմբերի 20-ը քաղաքակիրթ աշխարհի համար կարևոր օր է, քանի որ հենց այդ օրն է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել Երեխայի իրավունքների հռչակագիրը (1959 թ.) և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան (1989 թ.): Այս երկու փաստաթղթերը հիմնված են մարդկության կարևոր առաքելության վրա` անվերապահորեն պաշտպանելու երեխաների իրավունքները ցանկացած իրավիճակում` երաշխավորելով նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմանները: «Այսօր, երբ ամբողջ աշխարհը նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) երեխաները զրկված են իրենց իրավունքներից, այդ թվում ՝ երեխաների կյանքի, առողջության իրավունքից, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքից, անձնային զարգացման ու պաշտպանության իրավունքից, կրթության իրավունքից և մի շարք այլ հիմնարար իրավունքներից: Նրանք զրկված են իրենց իրավունքներից սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պատճառով: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը Արցախի մոտ 170 (մոտ 70%) համայնքներում դիտավորյալ և չտարբերակված հարվածների է ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ: Քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 50 զոհ և 163 վիրավոր, ներառյալ՝ 1 զոհված և 9 վիրավոր երեխա: Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաներն իրենց ընտանիքների հետ տեղահանվել են՝ ապաստանելով առավել անվտանգ վայրերում՝ Արցախում և Հայաստանի տարածքում: Դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների են ենթարկվել նաև դպրոցները, մանկապարտեզները և հիվանդանոցները: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Կրթության իրավունքից զրկվել են 23,978 աշակերտ և նախադպրոցական տարիքի 4036 երեխա: Ադրբեջանական օկուպացիայի և Արցախի մի շարք համայնքների՝ Ադրբեջանին հանձնելու հետևանքով հազարավոր երեխաներ դարձել են անտուն՝ զրկվելով իրենց իրավունքներից և անհոգ մանկությունից: Բազմաթիվ երեխաներ կորցրել են իրենց հայրիկներին ու հարազատներին, ականատես են եղել հրետակոծությունների, ինչը հանգեցրել է ծանր հոգեբանական տրավմաների և զարգացմանը խոչընդոտող այլ հետևանքների: Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ ես պատրաստել եմ արտահերթ զեկույց, որում փաստագրել և վերլուծել եմ Ադրբեջանի կողմից Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները: «Առաջնահերթ համարելով ցանկացած հանգամանքներում երեխաների իրավունքների պաշտպանությունը և ակնկալելով աշխարհի բոլոր երեխաների պաշտպանը լինելու Ձեր վճռական հանձնառությունը՝ Ձեզ եմ ուղարկում վերոնշյալ զեկույցը և խնդրում պատշաճորեն արձանագրել Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-ասվում է նամակում: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |