Արցախի նախկին նախագահները՝ հոկտեմբերի 19-ի զարգացումների մասին․ «Սա է ամբողջ ճշմարտությունը»

Արցախի նախկին նախագահները՝ հոկտեմբերի 19-ի զարգացումների մասին․ «Սա է ամբողջ ճշմարտությունը»

PanARMENIAN.Net - Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու երրորդ նախագահ Բակո Սահակյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը եռակողմ հայտարարությանը նախորդած զարգացումների մասին, հայտարարել են, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին:

«Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը։ Սա է ամբողջ ճշմարտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Արցախի նախկին նախագահների հայտարարության մեջ նաև ասվում է․ «Մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:

Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ եկանք եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:

Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»:

Արցախի պաշտոնաթող նախագահները ներկայացրել են նաև Արայիկ Հարությունյանի նամակների տեքստերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակում ասվում է․ «Խորհրդակցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և ստանալով նրանց միաձայն համաձայնությունը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով:

Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին ուվված նամակում ասվում էր․ «Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի և վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ և որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը»:

Նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---