Նալբանդյան․ Պատերազմի ընթացքում ՀՀ-ն Արցախի անկախությունը ճանաչելու ու դրանից օգուտ ստանալու հնարավորություն ուներ

Նալբանդյան․ Պատերազմի ընթացքում ՀՀ-ն Արցախի անկախությունը ճանաչելու ու դրանից օգուտ ստանալու հնարավորություն ուներ

PanARMENIAN.Net - Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ, և այդ ճանաչումը «կարող էր օգուտ տալ», հայտարարել է արտաքին գործերի նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը 3 անգամ խափանել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները, ինչը բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը: Ըստ նրա՝ համանախագահները հակամարտության ողջ ընթացքում հիշեցնում էին 3 կարևոր ու հիմնական սկզբունքների մասին՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում։

«Վերջին հայտարարության մեջ ուշագրավ է, որ համանախագահներն ասում են՝ չպետք է ուժ կիրառել, դե, տարածքային ամբողջականության հարցը Ադրբեջանը լուծեց, իսկ ինքնորոշումն ո՞ւր կորավ: Սա այն հարցն է, որը մնում է քննարկել»,-ասել է նա, փոխանցում է «Առավոտը»:

Մեկնաբանելով Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները՝ իբրև Երևանը, Սևանն ու Զանգեզուրն իրենցն են, Նալբանդյանը նշել է, թե կարծես Թուրքիայի ու Ադրբեջանի ամբիցիաները մինչև վերջ չեն բավարարվել, իսկ դա «վտանգ է ներկայացնում կողմերի համար»։

Նալբանդյանը պատասխանել է նաև դիտարկմանը, թե նոյեմբերի 10-ի համաձայնությունից ռուսական կողմն է դուրս թողել Արցախի կարգավիճակի հարցը։

«Բացարձակ ճիշտ չէ ասել, որ մեր գործընկեր ՌԴ-ն դուրս է թողել բանակցություններից կարգավիճակի հարցը: Իրականում ողջ բանակցությունների ընթացքում ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական կարգավիճակի հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում՝ և՛ կազանյան փաստաթղթում, և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո: Պետք է հասկանալ, որ Կազանը կար ու դրանից Հայաստանը չի հրաժարվել, այլ հրաժարվել է Ադրբեջանը, բայց և Կազանից հետո բանակցությունները շարունակվում էին, ընդ որում, նախագահների մակարդակով որտեղ ևս մեկ անգամ կարևորվում էր հիմնական սկզբունքների հարցը և պարամետրերի հարցը, իսկ պարամետրերում նշվում էր միջանկյալ և վերջնական կարգավիճակը: Խոսքն այն մասին էր, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի բնակչությունը՝ ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական ուժ կունենա, այդ թվում նաև Ադրբեջանի համար»,-ասել է նա:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---