ՊՆ․ Սյունիքում սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն

ՊՆ․ Սյունիքում սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն

PanARMENIAN.Net - Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ, փոխանցում են պաշտպանության նախարարությունից։

Նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաներին, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ինչպես զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ:

Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Ընթերցեք նաև․ Քաղաքապետ․ Կապանից Ագարակ գյուղ տանող ճանապարհը կմնա ադրբեջանցիներին

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---