ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը Ադրբեջանի ԶՈւ վայրագությունների վերաբերյալ 6-րդ փակ զեկույցն են պատրաստել

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երը Ադրբեջանի ԶՈւ վայրագությունների վերաբերյալ 6-րդ փակ զեկույցն են պատրաստել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է 2020-ի միայն դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածին:

Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,-ասվում է գրառման մեջ:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

«Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ», - գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---