Մարուքյան․ Հուսամ՝ ՌԴ-ում Ալիևին կզգուշացնեն, որ Արցախ այցելող պաշտոնյաներին Bayraktar-ով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են

Մարուքյան․ Հուսամ՝ ՌԴ-ում Ալիևին կզգուշացնեն, որ Արցախ այցելող պաշտոնյաներին Bayraktar-ով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, որ Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Bayraktar անօդաչու թռչող սարքով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են։

Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ադրբեջանական Telegram ալիքներից մեկի հրապարակմամբ, որտեղ նշվում է, թե «նախազգուշացնելը քիչ է և պետք է մեկ անգամ հարվածել քաղգործիչների ավտոշարասյանը, որպեսզի հաջորդ անգամ ԼՂ գնալուց առաջ մտածեն»։ Հրապարակմանը կցված է Մարուքյանի, ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հանդիպումից լուսանկար։

«Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Bayraktar-ով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում»,- գրել է Մարուքյանը։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Փաշինյանի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։

Մարուքյանի խոսքով՝ «կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են», իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք են։

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում՝ այդ թվում նաև քաղաքացիական բնակչության դեմ։

 Ուշագրավ
---