Բերնար Ֆասիե. Վաղ թե ուշ Ստեփանակերտը կընդգրկվի Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում

PanARMENIAN.Net - Երեւանն ու Բաքուն դրական են գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ցյուրիխում: Դա դրական գործոն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Սակայն, նրա խոսքերով, կա նաեւ բացասական գործոն. ՄԱԿ-ում ադրբեջանցիների տարածած մի շարք փաստաթղթերն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ կան Հայաստանին քննադատող կետեր: «Ստեփանակերտում մենք բավական արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂ շուրջ 20 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումները Բաքվում, Ստեփանակերտում եւ Երեւանում բավականին բուռն ու հագեցած էին: Այժմ մենք պատրաստվում ենք վերադառնալ Բաքու եւ կրկին հանդիպել Իլհամ Ալիեւի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի մոտակա ամիսներին կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,-ասել է Բերնար Ֆասիեն` հավելելով, որ բանակցային գործընթացը շարունակվում է:



Համանախագահները նշել են նաեւ, որ հայ եւ ադրբեջանցի փախստականների հարցը բանակցությունների օրակարգում է, եւ հանդիսանում է բանակցային գործընթացի կարեւորագույն տարրը: Անդրադառնալով ԼՂՀ անմիջական մասնակցության հնարավորությանը բանակցություններին` ֆրանսիացի համանախագահն ընդգծել է, որ վաղ թե ուշ Ստեփանակերտը կընդգրկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում: «Երեւանում եւ Բաքվում հանդիպումներից հետո, մենք միշտ այցելում ենք Լեռնային Ղարաբաղ եւ իրազեկում ենք այդ հանդիպումների արդյունքների մասին: Մենք հուսով ենք, որ երբեւէ Լեռնային Ղարաբաղը կկարողանա դառնալ բանակցությունների անմիջական մասնակիցը: Սակայն դա կախված է միայն հակամարտության կողմերից»,-հավելել է Ֆասիեն:



Իր հերթին ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, որ ԼՂՀ-Ադրբեջան ԶՈՒ շփման գծում վերջին դիտարկման ժամանակ գրանցված միջադեպը կքննարկվի մարտի 5-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում: «Մենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներս, ակնկալում ենք, որ մեր ներկայացուցիչները Վիեննայում հավանություն տվեցին այն հայտարարությանը, որով հանդես կգա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,-նշել է Մերզլյակովը:
 Ուշագրավ
---