Հայաստանի ալյուրի եւ հացահատիկի ներկրողները դեռեւս ձեռնպահ են մնում գների բարձրացումից

PanARMENIAN.Net - Դեռեւս անհնար է ասել, թե արդյոք Հայաստանում դոլարի կուրսի կտրուկ բարձրացումը կանդրադառնա հացահատիկային արտադրանքի, ալյուրի գների վրա, թե` ոչ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են հացահատիկային արտադրանքի ներկրման եւ վաճառքի ամենախոշոր ընկերություններից մեկում` «Մառանիկ» ԲԲԸ-ում, ընկերությունը դեռեւս ձեռնպահ է մնում իր ապրանքի գների փոփոխությունից: «Վերֆար» ընկերությունում, որը զբաղվում է նաեւ մակարոնային, հացահատիկային արտադրանքի եւ ալյուրի Հայաստան ներկրմամբ, հաղորդել են, որ դեռեւս դժվար է ասել, թե արդյոք ընկերության կողմից առաջարկվող ապրանքի գները կբարձրանան, թե` ոչ: «Իրադրությունը բավական փոփոխական է: Վաղը, կարող է, արդեն պարզ լինի, թե արդյոք այդ բարձր կուրսը կպահպանվի, թե` ոչ: Առաջին անգամը չէ, երբ դոլարի կուրսն այդպես արագ բարձրանում եւ ապա նույնքան կտրուկ իջնում է»,- հայտնել է ընկերության հաշվապահ Շուշան Մոսինյանը:



Այսօր մի քանի ժամվա ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է միչեւ 360 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասել է 440 դրամ մեկ եվրոյի դիմաց: Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ:



Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել: Դրա հետ մեկտեղ, ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---