Պետդավաճանության համար ցմահ ազատազրկելուն ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Պետդավաճանության համար ցմահ ազատազրկելուն ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

PanARMENIAN.Net - Պետական դավաճանության համար կարող է սահմանվել խիստ պատժաչափ՝ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Այն ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ իր կարծիքով՝ պետական դավաճանության համար օրենսգրքով ցմահ ազատազրկում պետք է նախատեսված լինի, քանի որ հետևանքները կարող են հանգեցնել պետության գոյության վտանգին:

Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի նախագծի վերաբերյալ:

Քննարկումներից հետո պատգամավորները որոշել են լրտեսության համար տարբերակված մոտեցում սահմանել՝ ստորին շեմը 15-ից իջեցնելով 12 տարվա:

Գործող օրենսգրքով պետական դավաճանության համար սահմանված է 10-15 տարի ժամկետով ազատազրկում: Լրտեսության համար գործող կարգավորմամբ սահմանված է 8-15 տարի ազատազրկում, նախագծով առաջարկվում է պատիժը սահմանել 15-20 տարի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---