Լիտվայի խորհրդարանից Բաքվին կոչ են արել արագացնել հայերի դիերի փոխանակումն ու գերիների վերադարձը ՀՀ

Լիտվայի խորհրդարանից Բաքվին կոչ են արել արագացնել հայերի դիերի  փոխանակումն ու գերիների վերադարձը ՀՀ

PanARMENIAN.Net - Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամները կոչ են արել Ադրբեջանին՝ արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Նրանք կոչ են անում նաև Եվրամիության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս, հղում անելով ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,

2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը,

ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը,

կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան»:

Նշվում է, որ գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։

ՄԻԵԴ-ում մի շարք գերիների իրավունքները ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում նվազագույնը 120 հայ գերի է պահվում։ Բաքուն հայտարարել է, թե Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիներին Ադրբեջանը չի ճանաչում որպես ռազմագերի։

Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---