Gallup. ՀՀ քաղաքացիների մոտ 44%-ը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մոտ 39%-ը՝ ոչ

Gallup.  ՀՀ քաղաքացիների մոտ 44%-ը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մոտ 39%-ը՝ ոչ

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակիչների 43.6%-ը ցանկանում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, 38.8%-ը՝ որ նա մնա մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Այս մասին ասվում է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության զեկույցում, փոխանցում է Newsarmenia.am-ը:

Հետազոտությունն անցկացվել է 2021-ի փետրվարի 15-17-ը՝ հեռախոսազանգի միջոցով: ՀՀ ամբողջ տարածքից հարցմանը մասնակցել է 801 մարդ: Ուսումնասիրության հնարավոր շեղումը կազմում է +-3.5%:

Փաշինյանը նաև ամենառեյտինգային քաղաքական գործիչն է ՀՀ-ում, 1-5 միավորանոց գնահատման համակարգում նրա ռեյտինգը 2.8 է, վարչապետին հաջորդում է նախագահ Արմեն Սարգսյանը (2.3), ապա «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (2.2), երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (2), հնգյակը եզրափակում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը (1.8):

Փաշինյանը կհավաքեր հարցմանը մասնակցածների 33%-ի ձայները՝ հնարավոր ընտրությունների դեպքում, «Իմ քայլի» օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 33.1%-ը: 27.2%-ը ոչ ոքի օգտին չէր քվեարկի, ԲՀԿ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 4.4%-ը, ԼՀԿ-ի` 2.6%-ը:

Հարցմանը մասնակցած ամեն երրորդ քաղաքացին նախկին իշխանություններին մեղադրում է Արցախյան պատերազմում պարտվելու մեջ, Փաշինյանին մեղադրում է 28.8%-ը:

Արցախում 44-օրյա պատերազմից ու դրան հաջոդրած իրադարձություններից հետո Հայաստանում ընդդիմադիրները պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ավելի վաղ վարչապետը հայտնել էր արտահերթ ընտրությունների կազմակերպման պատրաստակամության մասին, հետո իշխանությունից հայտնել էին, որ չկա դրա հանրային պահանջը: Ընդդիմությունը ցանկանում էր արտահերթի գնալ միայն Փաշինյանի հրաժարականից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---