ԱԳՆ-ն ողջունում է Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը![]() 16 մարտի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կցանկանար ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը: Նախարարը նշել է, որ կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգին՝ հավելելով, որ Հայաստանին ու Շվեդիային միավորում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ և այն որակապես նոր մակարդակի բարձրացնելու տեսլականը: «Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն էր անդրադառնալու տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին և ուրվագծել դրա լիարժեք իրացման գործում համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Իհարկե, այս գործընթացում առանձնակի դերակատարություն ունի տեղում մեր դեսպանների և դեսպանությունների ակտիվ աշխատանքը և այս տեսակետից կուզենայի ողջունել ՀՀ-ում Շվեդիայի ռեզիդենտ դեսպանության գործունեության մեկնարկը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործում շվեդական կողմի ցուցաբերված աջակցությունը»,-ասել է Այվազյանը: Նախարարը հավելել է նաև, որ Լինդեի հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: «Ընդունելով գործընկերոջս շնորհավորանքները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնեցի, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը նոր հնարավորություններ կընձեռի ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդման համար»,-ասել է Այվազյանը։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն մինչ Հայաստան ժամանելը եղել է Ադրբեջանում և հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |