Զորակոչից խուսափած 27 տարեկան ՀՀ քաղաքացիները գուցե ազատվեն քրհետապնդումից

Զորակոչից խուսափած 27 տարեկան ՀՀ քաղաքացիները գուցե ազատվեն քրհետապնդումից

PanARMENIAN.Net - 27 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել Զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում, հնարավոր է, համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ: Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է դրա նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելել է, որ պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք, գրում է «Հետքը»։

«Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- ասել է Քոչարյանը:

Պատգամավորը հայտնել է, որ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթ, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: Ըստ Քոչարյանի` բոլորին հնարավորություն է տրվելու օր առաջ վերադառնալ Հայաստան և իրենց խնդիրները` քրեական պատասխանատվությանն առնչվող հարցերը լուծել ՀՀ-ում:

Քոչարյանը, իմքայլական Մխիթար Հայրապետյանն ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում էին զորակոչից խուսափած անձի մինչ 27 տարին (պահեստազորի դեպքում՝ մինչ 35) լրանալը վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ներկայացել է զինկոմիսարիատ և նրա նկատմամբ օրենքով սահմանված կարգով կայացվել է որոշում: Եթե լրացել է անձի 27 (պահեստազորի դեպքում՝ 35) տարին, ապա նրա նկատմամբ քրհետապնդումը կդադարեցվի, եթե նա ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար կամ անցել պայմանագրային զինվորական ծառայության՝ 2 տարով: Նախագիծը, սակայն, հանվել էր շրջանառությունից լրամշակման նպատակով:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն իր ուժը կորցրել է 2019թ. դեկտեմբերի 31-ին, և չկա այլ օրենք, որը կարգավորում է զորակոչից խուսափած և հայրենիք վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ իրավահարաբերությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---