Ըստ ԱՀԿ-ի և ԵՄ կանոնակարգողի` AstraZeneca-ն տրոմբերի հետ կապ չունի

Ըստ ԱՀԿ-ի և ԵՄ կանոնակարգողի` AstraZeneca-ն տրոմբերի հետ կապ չունի

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Եվրոպայի դեղամիջոցների գործակալույունը (EMA) կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ կիրառվող AstraZeneca պատվաստանյութի և տրոմբերի առաջացման միջև։

Մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են պատվաստանյութի կիրառումը, քանի որ կասկածներ են առաջացել այդ դեղամիջոցի անվտանգության առումով, մասնավորապես` կարծիք կա, որ այն տրոմբ կարող է առաջացնել, գրում է BBC-ն։

Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան հայտարարել են, որ կսպասեն ԵՄ կանոնակարգող մարմնի հետազոտության արդյունքներին, ԵՄ մի շարք այլ անդամներ՝ Լեհաստանը, Չեխիան, Բելգիան, շարունակում են պատվաստել բնակչությանը AstraZeneca-ով։

Մարտի 16-ին ЕМА-ն հայտարարել է, որ վստահում է AstraZeneca պատվաստանյութին։

«Ուզում եմ ընդգծել, որ ներկա պահին չկա ոչ մի վկայություն, որ պատվաստանյութի կիրառումը տրոմբ է առաջացրել»,- ասել է գործակալության ղեկավար Էմեր Քուկը։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել ԱՀԿ-ն՝ նշելով, որ կապ չի տեսնում տրոմբերի առաջացման և պատվաստանյութի միջև։

EMA-ն պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր եզրակացությւնները կհրապարակի մարտի 18-ին։

ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն 17 մլն մարդ է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութի դեղաչափով։ Վերջին օրերին պատվաստվածների մոտ տրոմբերի առաջացման մոտ 40 դեպք է գրանցվել։ Ըստ ЕМА-ի, դա ավելի չէ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---