Շարմազանով. Երբ ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն իր կարծիքը կասի![]() 18 մարտի 2021 - 18:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է` երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, ՀՀԿ-ն օրենքով սահմանված կարգով և ժամկետներով իր որոշումը կկայացնի ու կարծիքը կարտահայտի: «Դե յուրե դեռևս ընտրություններ նշանակված չեն, որովհետև թեկուզ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, իսկ իրական կապիտուլյանտի կողմից հայտարարություն անելը դեռևս դե յուրե չի նշանակում, որ ընտրություն է լինելու»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ «Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, Հանրապետականն ունի անելիք և ասելիք, Հանրապետականը պայքարելու է իր իդեալների համար՝ անկախության, ինքնիշխանության, Արցախյան հիմնախնդրում հայկական լուծման, բնականաբար, գլխավոր խոչընդոտի դեմ: Իսկ գլխավոր խոչընդոտն է նիկոլիզմը, կապիտուլյանտը մարմնավորում է այդ նիկոլիզմը: ՀՀԿ-ն Հայաստանի անկախ երրորդ հանրապետության ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է»,- ասել է Շարմազանովը: Պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ն ունի՞ վարչապետի թեկնածու՝ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ի կադրային բազան բավականին պրոֆեսիոնալ է, հարուստ, բայց բոլորի հարցերի մասին կխոսեն իր ժամանակին: «Դե յուրե չունենք ընտրության օր, ունենք գրառում: Երբ հրաժարական տա, երբ խորհրդարանը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, միգուցե ընտրում է, կամ՝ վարչապետի պարտականությունն իր վրա՞ է մնում, թե՞ ուրիշի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի սցենարով է գնում, թե՞ հեռանում է Հայաստանից… Ինչ գիտենք, թե երեք ամիս հետո ինչ է լինելու: Երբ որ ԿԸՀ-ն արդեն հայտարարարի ընտրության օրը, այդ ժամկետում մեր կարծիքը կասենք»,-ասել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ Մարտի 13-ին նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ էր կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների , ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի և այլ քաղաքական ուժերի հետ։ Հայրենիքի փրկության շարժումը կարծում է, որ նախ պետք է հրաժարական տա Փաշինյանը, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որը 1 տարուց ԱԺ ընտրություններ կկազմակերպի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |