Փաշինյան․ՍՈւ 30-ների վերաբերյալ ասածներս իրար չեն հակասում

Փաշինյան․ՍՈւ 30-ների վերաբերյալ ասածներս իրար չեն հակասում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով Սու-30ՍՄ կործանիչների կիրառման հարցին, ասել է, որ այն, ինչ ասել է Օհանավան գյուղում, և այն, ինչ նախկինում հայտարարել է ինքնաթիռների վերաբերյալ, իրար չեն հակասում։

«Սու-30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020-ի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել։ Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այդմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասել է վարչապետը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում ՀՀ-ն չէր հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ «բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»։

Փաշինյանն Արագածոտնի մարզում Օհանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ գնված Սու-30 ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել մինչև պատերազմը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Սու-30 ՍՄ կործանիչները չեն օգտագործվել պատերազմի ժամանակ, քանի որ հրթիռներ չունեն, դրանք չեն գնվել ինքնաթիռների հետ։ ՊՆ-ն հերքել էր այդ պնդումը։ Փաշինյանի մամուլի ծառայությունը ևս անհիմն էր համարել Հակոբյանի մեղադրանքները։

 Ուշագրավ
---