Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվել է

Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրհետապնդումը 300.1 հոդվածով դադարեցվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժել է։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Դատարանը որոշել է Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել։ Սեյրան Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվել է։

Որոշվել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել, գումարը վերադարձնել։ Յուրի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը նույնպես վերացվել է։

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին։

Սակայն կոռուպցիայի մասին քրգործի շրջանակում դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դեմ կշարունակվի։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազներն առարկել էին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել էր, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---