Գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում կավելանա մոտ 2․8 մլրդ դրամով

Գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում կավելանա մոտ 2․8 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13․1 մլրդ դրամ) կավելանան մոտ 2․8 մլրդ դրամով։ Կառավարությունը հավանություն է տվել գիտության ֆինանսավորումն ավելացնելու նախագծին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է գիտության ֆինանսավորման ավելացման շուրջ բազմաթիվ խորհրդակցություններից հետո։

Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտհետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։

«Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիտության ֆինանսավորումն ավելացնելու թեմայով բազմաթիվ քննարկումներ են ունեցել։

«Միայն որևէ տողում գումար ավելացնելն ամենևին չի նշանակում, որ բովանդակային արդյունքի կհասնենք։ Անհրաժեշտ է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է, համակարգը կարող է մարսել՝ այսինքն դրա համար կան համապատասխան մեխանիզմներ և ինստիտուցիոնալ հիմքեր, և երկրորդ՝ այդ գումարը նպատակային կլինի և համոզված կլինենք, որ այն ծառայում է գիտության զարգացմանը»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ սա գործընթաց է, որը նպատակ ունի գիտության շարունականան զարգացման մեխանիզմներ գործարկել։

Ըստ Ավանեսյանի՝ գիտության ֆինանսավորման ավելացման շնորհիվ կակտիվանա համագործակցությունը գիտահետազոտական ինստիտուտների հետ, ինչն էլ նպաստելու է նաև բուհերի վարկանիշի բարձրացմանն ու միջազգայնացմանը։

Ավելի վաղ Հայաստանում գիտնականներն ու բիզնես բոլորտի ներկայացուցիչները պահանջում էին գիտության ֆինանսավորման ավելացում։ Նրանք ձևավորել էին «Գիտուժ» նախաձեռնությունը, որը պահանջում էր 50%-ով ավելացնել գիտության ոլորտին տրվող պետական ֆինանսավորումը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---