«Գիտուժը»՝ գիտության ֆինանսավորումն ավելացնելու մասին․ Եղած խնդիրներին չի համապատասխանում

«Գիտուժը»՝ գիտության ֆինանսավորումն ավելացնելու մասին․ Եղած խնդիրներին չի համապատասխանում

PanARMENIAN.Net - Կառավարության որոշումը՝ 2021-ին գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումները 2․8 մլրդ դրամով ավելացնելու մասով, քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջև ծառացած խնդիրներին և կրում է ընդամենը մարտավարական բնույթ, հայտարարել են «Գիտուժ» նախաձեռնությունից։

«Գիտուժից» ասում են, որ որոշումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման և մտահոգիչ են համարում, որ «առանց հիմնավորման» հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ ծրագրերը։

«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումն արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։ Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով»,- հայտարարել են նախաձեռնությունից՝ նշելով, որ մինչ այդ շարունակելու են ներկայացնել իրենց պահանջները և հետևողականորեն առաջ են տանելու իրենց պայքարը, քանի որ խոսքը «Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին է»։

«Գիտուժից» նշել են, որ պատրաստ են գործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ՝ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլերի ուղղությամբ։

«Գիտուժ» նախաձեռնությունը պահանջում է Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացում՝ առնվազն 50%-ով։ Նախաձեռնությանը միացել են գիտնականներ ու բիզնեսմեններ։ Ապրիլի 8-ին Կառավարությունը մոտ 2․8 մլրդ դրամով ավելացրել էր գիտության ֆինանսավորումը, նախաձեռնությունից արձագանքել են հենց այս որոշմանը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---