Արցախի ՄԻՊ․ Քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար

Արցախի ՄԻՊ․ Քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար

PanARMENIAN.Net - Մշակույթի միջազգային օրվա առթիվ ապրիլի 15-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ամարասից ուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար։

«Այժմ ես կանգնած եմ Արցախի հայկական կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկի` 4-րդ դարի Ամարասի վանական համալիրի մոտ, որն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը և դրա հետևանքները իրական սպառնալիքներ են ստեղծել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության համար: Մենք կարողացանք փրկել Ամարասը, սակայն հազարավոր հուշարձաններ մնացին մեր վերահսկողությունից դուրս: Եվ այսօր մենք ականատեսն ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Նրանք վանդալիզմի են ենթարկում, պղծում, անարգում և ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, գերեզմանատները և սրբավայրերը»,-ասել է նա:

Նա նշել է, որ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիան ընդգծում է, որ մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է ողջ մարդկությանը:

«Եվ այո՛, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար: Դժբախտաբար, մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված կեղծ խոչընդոտների պատճառով»,-ասել է նա:

Արցախի ՄԻՊ-ը մեկ անգամ ևս դիմել է միջազգային հանրությանը, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց, որոնք պայքարում են մշակութային արժեքների պահպանության համար, անտարբեր չմնալ հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ:

«Կատարեք ձեր քայլը հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»,-ասել է նա:

Նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները, իսկ Արբեջանին անցած տարածքներում մնացած եկեղեցիները, վանքերն ու մշակույթի կոթողները պղծվում են և վանդալիզմի ենթարկվում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---