Թուրքիա. Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիա. Եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը, դա կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին

PanARMENIAN.Net - Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է խանգարել Հայաստանի հետ հաշտեցման հնարավոր ջանքերին, գրում է Middle East Eye-ը։

The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։.

Թուրք պաշտոնյաները պնդում են, որ ԱՄՆ-ի այդ քայլն անարդյունավետ կլինի և էլ ավելի կթուլացնի երկկողմ հարաբերությունները, որոնք արդեն իսկ խարխլվել են մի քանի տարաձայնությունների պատճառով, այդ թվում՝ Անկարայի կողմից Ս-400 ռուսական համակարգերի գնման։

Բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո իրական հնարավորություն կա առաջիկա ամիսներին ՀՀ և Թուրքիայի միջև հաշտեցման համար։

«Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե մենք դրական դինամիկա տեսնենք, կկարողանանք բացել սահմանները։ Եթե այս պայմաններում ամերիկացիները 1915թ․ իրադարձությունները ցեղասպանություն անվանեն, դա կարող է սաբոտաժի ենթարկել ամբողջ գործաընթացը Կովկասում»,- ասել է պաշտոնյան։

Ըստ նրա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականը մարտին նմանատիպ ուղերձ է հղել ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանին։

Թուրքիան ամեն անգամ նման «զգուշացումների» մասին է սկսում խոսել, երբ օտարեկրյա պետությունները կամ նախագահը պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն սովորաբար հետ է կանչում դեսպանին՝ բողոք հայտնելով դրա դեմ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---