ՄԻՊ․ Սյունիքում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է

ՄԻՊ․ Սյունիքում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարված է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող ադրբեջանցիների արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:

Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր»,-ասվում է գրառման մեջ:

Թաթոյանը նշել է, որ կձեռնարկվեն նաև միջոցներ, այդ թվում` համատեղ, նպաստելու արձանագրված մյուս խնդիրների լուծմանը (սոցիալական և այլն):

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ այց էին իրականացրել Սյունիք մարզի տարբեր բնակավայրեր։ Այցի ընթացքում նշվել էր, որ վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---