Պետրոսյան․ Հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղորոշում չի կայացվում

Պետրոսյան․ Հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղորոշում չի կայացվում

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ Այդ մասին ասվում է նախարարի պաշտոնակատրի ֆեյսբուքյան էջում։

Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։

Պետրոսյանը լսել է ներկաների մտահոգությունները, քննարկել՝ ինչ կարելի է անել՝ տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու ու Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։

Նա խոսեել է նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իր նշանակումից ի վեր մեկնարկած օրենսդրական բարեփոխումների մասին։

«Այս պահին մշակում ենք ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծ,փոփոխություն ենք կատարում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։

Վստահեցրեցի, որ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. մեզ համար բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։ Եվ ես՝ ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդմանը և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,-գրել է Պետրոսյանը։

Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։

Ավելի վաղ Լոռու մարզի Մարգահովիտ և մի քանի այլ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով մոտակայքում պղնձի հանք շահագործելու ծրագրին։ Հայտնի էր դարձել, որ ներկայացվելու է «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտը և նախատեսվում են քննարկումներ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---