CPS-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը դադարեցնելու պատճառն է հայտնել

CPS-ը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը դադարեցնելու պատճառն է հայտնել

PanARMENIAN.Net - «Սիփիէս օիլ» (CPS) ՍՊԸ-ն ներկայացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որի մոտ 250 ավտոբուս դուրս չէր եկել երթուղի վառելիքի մատակարարումը դադարեցնելու պատճառը։

Մայիսի 12-ի առավոտից «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի մոտ 250 ավտոբուս դուրս չէր եկել երթուղի՝ վարորդները նշել էին, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում։

«Վառելիքի մատակարարման դադարեցման պատճառը մեր գործընկերների անբարեխիղճ վարքագիծն է։ Մենք վառելիք ենք տալիս, որի դիմաց ամիսներով չեն վճարում և չեն ընդունում պարտքերը, ինչպես բոլորը կվարվեին նման դեպքում։ Երբ համբերության բաժակը լցվում է, ստիպված ես լինում հետևել պայմանագրի տառին»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

CPS-ը, պաշտոնապես հայտարարում է, որ մշտապես կատարել է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությանը վառելիքի մատակարարման հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները։

«Ավելին, մենք մշտապես աջակցել ենք մեր գործընկերներին՝ ապահովելով ֆինանսապես ավելի լավ պայմաններ, քան նախատեսված էր պայմանագրով։ Դա եղել է CPS–ի բարի կամքի դրսևորումն ու գործընկերային էթիկան։ Մասնավորապես, ելնելով 2020թ. ստեղծված իրավիճակից (կորոնավարակ)՝ մենք զգալիորեն նվազեցրել ենք մրցույթով սահմանված վառելիքի գները, թեև ըստ պայմանագրի կարող էինք դա չանել։ Մեր որոշման արդյունքում «Երևանի Ավտոբուսն» ունեցել է ավելի քան 70 միլիոն դրամի տնտեսում:

Ներկայիս մատակարարման գինը հանրային տրանսպորտի ծառայություն մատուցող այդ ընկերությանը բացառիկ ցածր է։ CPS–ը դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»–ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, ինչը զգալիորեն ցածր է շուկայականից և ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվում չթանկացնել ուղևորափոխադրման գինը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ պարտքը երկարատև ժամանակ կազմել է ավելի քան 190 մլն դրամ, ինչը ֆինանսական խնդիրներ է ստեղծում մատակարարող ընկերության համար:

«Մենք ամիսներ շարունակ դիմել ենք «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չենք հասել։ Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն «Երևանի Ավտոբուս» ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ է կատարել ընդհանուր պարտքի միայն մի մասի վճարումը (մայիսի 12–ի դրությամբ պարտքն ավելի քան 75 մլն դրամ է)»,-ասվում է հայտարարության մեջ։

Երևանի քաղաքապետարանի մրցութային մատակարարման պայմանագրով CPS–ի կողմից ոչ միայն սպասարկվում է «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերությունը, այլ նաև «Երևանի աղբահանության» հիմնարկը, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունը, Երևանի վարչական շրջանները և այլ հիմնարկ-ձեռնարկությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---