Այվազյան․ Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ համակարգի համար

Այվազյան․ Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ համակարգի համար

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, անդրադառնալով իրավիճակի լարմանը ՀՀ սահմանամերձ մարզերում, հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար։

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով։

Ի շարունակություն մայիսի 18-ին տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման և հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով, ամրագրված են նաև համապատասխան բազմակողմ առաքելության ձևավորման հարցերը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Այվազյանը շեշտել, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը․ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա:

Նիստի արդյունքում ԱԳ նախարարներն ընդունել և հավանության են արժանացրել տարբեր ուղղություններով ՀԱՊԿ անդամ պետությունների միջև համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Նախարարական նիստի մեկնարկից առաջ ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

 Ուշագրավ
---