ԼՀԿ-ն ընտրությունների կգնա «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով

ԼՀԿ-ն ընտրությունների կգնա «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով: Այդ մասին ասվել է կուսակցության երրորդ` արտահերթ համագումարում, որը տեղի է ունեցել մայիսի 23-ին։

Բացման խոսքում կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նույնանուն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշել է, որ այս իրավիճակից դուրս գալու համար այլընտրանք կա՝ իրենք ապավինում են քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ստանձնեն պատասխանատվություն ապագայի համար, գնան ընտրատեղամասեր ու քվեարկեն ոչ թե ընդդեմ ինչ-որ մարդկանց կամ գաղափարների, այլ` հանուն, տեղեկացնում է Factor.am-ը։

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է փոխել Սահմանադրությունը` ընդլայնելով Հանրապետության նախագահի ու խորհրդարանի լիազորությունները:

ԼՀԿ-ի առաջարկներից է նաև զինծառայողների սոցիալական երաշխիքների մեծացումը, այդ թվում` բնակարանային խնդրի լուծումը, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անցնելու դեպքում պետական համակարգում աշխատանքով ապահովելը: Կուսակցության առաջարկներից է նաև Սյունիքում ՌԴ-ի հետ համատեղ նոր զորամիավորման ստեղծումը:

Ժողովրդագրական վիճակի բարելավման համար ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել եկամտային հարկը` ըստ ընտանիքի անչափահաս անդամների քանակի, բժիշկների, ուսուցիչների` մարզերում ներգրավվածությունն ավելացնելու համար վերջիններիս համար ապահովել էապես բարձր աշխատավարձ և սոցիալական երաշխիքներ:

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
---