Քոչարյան․ ՀՀ քաղաքացիություն ստանալը կպարզեցվի

Քոչարյան․ ՀՀ քաղաքացիություն ստանալը կպարզեցվի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը կարելի է պարզեցնել և այն շնորհել մի քանի ամսում։ Այդ մասին նա ասել է Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ։

«Կարող եմ միանշանակ խոստանալ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարելի է պարզեցնել և դարձնել ընդամենը մի քանի ամսվա հարց։ Ինձ համար զարմանալի է, որ ասում եք՝ 1-3 տարի է անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար: Այդ հարցը կարելի է շատ հեշտ պարզեցնել։ Հայ լինելու հանգամանքը բավարար է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Սա էր դրված մեր սահմանադրական բարեփոխումների հիմքում»,-ասել է նա։

Նա հիշեցրել է, որ ՀՀ առաջին սահմանդրությամբ երկրորդ քաղաքացիությունն արգելվում էր և որ սահմանադրական բարեփոխումների ընթացքում այդ արգելքը հանվեց և երկքաղաքացիություն հնարավորություն ստեղծվեց։

Քոչարյանը, սակայն, խնդրահարույց է համարում ՀՀ քաղաքացի չլինելու դեպքում մասնակցությունը համապետական ընտրություններին։

«Եթե չունես քաղաքացիություն, բայց ռեզիդենտ ես, այդ բնակավայրում ես ապրում, պետք է կարողանաս մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,-նշել է նա։

Քոչարյանն ասել է, որ հիմա կա նաև այլ խնդիր՝ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ընտրություններին։ Ըստ նրա, նախկին կարգը, երբ այդ մարդկանց հնարավորություն էր տրվում քվեարկելու դեսպանատներում և հյուպատոսություններում, պետք է վերականգնել։

Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ են ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրույունները նախատեսված են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
---